«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Հայ և համաշխարհային դասականների ստեղծագործությունների լավագույն էկրանավորումները

Հայ և համաշխարհային դասականների  ստեղծագործությունների լավագույն  էկրանավորումները
26.06.2012 | 00:37

«Գիրք և կինո» ծրագրում կընդգրկվեն հայ և համաշխարհային դասական ստեղծագործությունների էկրանավորումները: «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն այս տարի կանդրադառնա Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելուն` ներկայացնելով «Գիրք և կինո» խորագրով նոր ծրագիր: Ծրագրում ընգրկվելու են հայ և համաշխարհային դասականների ստեղծագործությունների լավագույն էկրանավորումները:
Կներկայացվեն Ալեքսանդր Շիրվանզադեի «Նամուս» (ռեժիսոր` Համո Բեկնազարյան) և «Պատվի համար» (ռեժիսոր` Արտաշես Հայ-Արտյան), Գաբրիել Սունդուկյանի «Պեպո» (ռեժիսոր` Համո Բեկնազարյան) և «Խաթաբալա» (ռեժիսոր` Յուրի Երզնկյան), Ակսել Բակունցի «Միրհավ» պատմվածքի հիման վրա «Այս կանաչ, կարմիր աշխարհը» (սցենարի հեղ.` Հրանտ Մաթևոսյան, ռեժիսոր` Յուրի Երզնկյան), Հրանտ Մաթևոսյանի «Աշնան արև» (ռեժիսոր` Բագրատ Հովհաննիսյան) և այլ ֆիլմեր:
«Ոսկե ծիրան» փառատոնի ծրագրերի տնօրեն ՄԻՔԱՅԵԼ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԸ արտասահմանյան ֆիլմերից առանձնացրեց Թոմաս Մանի «Մահը Վենետիկում» գրքի էկրանավորումը (ռեժիսոր` Լուկինո Վիսկոնտի), որը, նրա բնորոշմամբ, ամենագեղեցիկ ֆիլմերից մեկն է, ինչպես նաև Էմիլի Բրոնտեի «Մրրկոտ լեռնանցք» գրքի էկրանավորումը (ռեժիսոր` Անդրեա Առնոլդի), որն անցյալ տարի ներկայացվել է Վենետիկում և արժանացել մրցանակի լավագույն օպերատորական աշխատանքի համար:
«ՈՒզում էինք ներկայացնել նաև մի ուրախ էկրանավորում: Չնայած Չառլզ Դիքենսին երբեք ուրախ չեն ներկայացնում, որովհետև ուրախ գրող չէ, բայց նրա «Օլիվերը» (ռեժիսոր` Քերոլ Ռիդ) բավականին հաջողված է: Մեր երիտասարդ հանդիսատեսը, հավանաբար, չի դիտել այն»,- ասաց Միքայել Ստամբոլցյանը: Կներկայացվեն նաև Գյունտեր Գրասի «Թիթեղյա թմբուկը» (ռեժիսոր` Ֆոլկեր Շլյոնդորֆ), Յոհան Վոլֆգանգ Գյոթեի «Ֆաուստը» (ռեժիսոր` Ալեքսանդր Սոկուրով):
Վերջին տարիներին փորձ է արվում հայ դասականների ստեղծագործությունները էկրան բարձրացնել («Սպանված աղավնին», «Խաչագողի հիշատակարանը»): Միքայել Ստամբոլցյանը մեզ հետ զրույցում ասաց, որ «Գիրք և կինո» ծրագրում նշված նորաստեղծ ֆիլմերը չեն ներկայացվելու:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 5669

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ